Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Samuel 10

:
Armenian - NEA
1 Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.
2 ինձնից հեռանալուց հետո երկու մարդ պիտի գտնես Ռաքելի գերեզմանի մոտ, Բենիամինի լեռան վրա, որոնք արագավազ պիտի գան ու քեզ ասեն. “Գտնվեցին այն էշերը, որ փնտրելու էիր գնում, իսկ հայրդ, էշերի հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. “Ի՞նչ անեմ իմ որդու համար”։
3 Եվ երբ այնտեղից գնաս և հասնես Դեբովրայի կաղնու մոտ, այնտեղ երեք մարդու կհանդիպես, որոնք Աստծու մոտ են գնում՝ Բեթել։ Մեկը երեք ուլ է տանում, մյուսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։
4 Քո ողջությունը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կնվիրեն, և դու կառնես նրանց ձեռքից։
5 Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։
6 Տիրոջ հոգին կիջնի քեզ վրա, և դու էլ կմարգարեանաս նրանց հետ և ուրիշ մարդ կդառնաս։
7 Երբ այս նշանները քեզ հետ կատարվեն, ինչ որ մտածես, արա՛, քանզի Աստված քեզ հետ է։
8 Ինձանից առաջ Գաղգաղա պետք է իջնես։ Այնտեղ ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեմ։ Յոթ օր կսպասես, մինչև որ գամ քեզ մոտ և հաղորդեմ քեզ, թե ի՛նչ ես անելու»։
9 Երբ նա շուռ եկավ, որ գնա Սամուելի մոտից, Աստված նրան ուրիշ սիրտ տվեց, և նույն օրը այդ բոլոր նշանները կատարվեցին։
10 Երբ նա մոտեցավ բլրին, մարգարեների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրա Աստծու հոգին շարժվեց, և նա նրանց մեջ մարգարեացավ։
11 Երբ նրան ճանաչողները տեսան, թե ինչպես է նա մարգարեների մեջ մարգարեանում, մեկը մյուսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թե Սավուղը ևս մարգարեների մեջ է»։
12 Նրանցից մեկը պատասխանեց և ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթե ոչ՝ Կիսը»։ Այս առթիվ ասացվածք ստեղծվեց՝ «Սավո՞ւղն էլ մարգարեների մեջ է»։
13 Մարգարեություն անելը վերջացնելուց հետո նա բարձրացավ բլուրը։
14 Սավուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Էշերը փնտրելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուելի մոտ»։
15 Ազգականը Սավուղին ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը քեզ ի՞նչ ասաց»։
16 Սավուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ հայտնեց, որ էշերը գտնվել են»։ Սակայն թագավորության մասին Սամուելի ասածները նրան չհայտնեց։
17 Սամուելը ողջ ժողովրդին հավաքեց Տիրոջ առաջ Մասեփայում
18 և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես խոսեց Տերը՝ Իսրայելի Աստվածը, և ասաց. “Ես եմ, որ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքա փարավոնի ու ձեզ ճնշող բոլոր թագավորների ձեռքից,
19 բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։
20 Սամուելն Իսրայելի բոլոր ցեղերին իրար մոտ բերեց, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։
21 Նա մոտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, և վիճակն ընկավ Մատտարիի ազգատոհմին։ Նա մոտ բերեց Մատտարիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդի Սավուղին։ Նա փնտրեց նրան, բայց չգտավ։
22 Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։
23 Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մեջ։ Նա բոլորից մի գլխով բարձր էր։
24 Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։
25 Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի բոլոր իրավունքները, գրեց մատյանում և դրեց Տիրոջ առաջ։ Սամուելն արձակեց ողջ ժողովրդին, և ամեն մարդ գնաց իր տեղը։
26 Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերին Տերը դիպել էր, որ լինեն Սավուղի հետ։
27 Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։